ՄԵՐ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ, ՄԵՐ ԱԶԳԻՆ ԿԵՐԵԼ Է ՓՈՂԸ
Օրերս «Արձագանք» խումբը` ԱՐՏԱՎԱԶԴ ԲԱՅԱԹՅԱՆՆ եւ ԵՂԻՇԵ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ, որոշակի դադարից հետո մենահամերգով կրկին հանդիպեցին հայ հանդիսատեսին: Համերգից հետո կայացած հանդիպման ընթացքում խմբի անդամները պատմեցին, որ «Արձագանք» երեւույթը եղել է դեռ 1969 թվականից, երբ իրենք 15-16 տարեկան էին: Ըստ նրանց, այդ ընթացքում ունեցել են ե´ւ թռիչքներ, ե´ւ վայրէջքներ, սակայն առավել հաջողություններ ունեցել են Մոսկվայում, քան Հայաստանում:
Ե. Պ. - ԽՍՀՄ այդ հիմար սիստեմն էր, որտեղ այլախոհությանը տեղ չկար, իսկ դա կար մեր երգերում... Ամեն դեպքում 1982 թվականին արդեն Մոսկվայում բավականին կայուն տեղ ունեինք, մեր շուրջը համախմբվել էին երաժշտությունից հասկացող, նաեւ «կլիմա ստեղծող» մարդիկ եւ շատ էին մեզ քաջալերում, որ այդ ամենը անենք ռուսերեն ու մնանք Մոսկվայում: Խոստանում էին մեզ դարձնել աստղեր եւ կանեին. մեր աչքի առաջ անում էին: Բայց ռոմանտիկայից, ազգասիրությունից, չգիտեմ ինչից ելնելով` մերժեցինք: Նրանք, բնականաբար, մեզ վրա խաչ քաշեցին, իսկ Հայաստանում էլ, ինչպես միշտ, ոչ մի բան իր տեղում չէ: Երբեք չի գնահատվում այն, ինչը պետք է գնահատվի: Օրերս մի հեռուստաընկերությունում հյուր էի, հարցնում են` ինչո՞ւ կոչումներ չունեք: Կոչումը պալատական երաժիշտներին իր շուրջը հավաքելու խնդիր է լուծել Սովետական Միության ժամանակ, եւ հիմա էլ դա շարունակվում է: Շառլ Ազնավուրը հո Ֆրանսիայի ժողովրդական կամ վաստակավոր արտիստ չէ՞: Ցանկացած արվեստագետի համար լավագույն կոչումը ժողովրդի սերն է: Թե վերեւում չինովնիկները ում կբաժանեն` քծնողների՞ն, թե՞ իրենց խնջույքներն ուրախացնողներին, մեզ չի հետաքրքրում: Մեզ համար ժողովրդի սերը, այն հայացքը, որով քեզ դիմավորում է, արժե աշխարհի ամենաբարձր կոչումը: Ժամանակն ամեն ինչի դատավորն է, կանցնի ժամանակ, աղբը կգնա-կկորչի, մնայուն բաները նորից առաջ կգան... Մեր պետությանը, մեր ազգին կերել է փողը: Այս աստիճան կոմերսանտ դառնալ բոլոր բնագավառներո՞ւմ:
Ա. Բ. - Ընդհանրապես աշխարհում փողը իշխող դեր է կատարում, եւ վատ իմաստ չեմ տեսնում դրանում. մարդը ինչ-որ հաստատուն բաներ է փնտրում այս անորոշ կյանքում: Տանից դուրս է գալիս ու չգիտի` ինչով կավարտվի օրն իր համար, իսկ փողը բավականին հաստատուն կատեգորիա է: Կարծում եմ` փողասիրությունը գալիս է վախից: Մարդ ինչքան շատ է վախենում, այնքան շատ է ուզում փող հավաքել:
Ե. Պ. - Ես մի անեկդոտ հիշեցի: Ասում են. «Կուզեի՞ր այսինչ մեքենան ունենալ, բայց ամեն անգամ դուռը բացել-փակելիս ականջդ մնար դռան տակ»: Հաստատունությունն էլ կա, բայց ինչպե՞ս կարող ես փող դիզել, եթե չես քծնել: Հազարից մի անգամ է լինում նման բան, գուցե ռուբիկ-կուբիկ հորինես` նոր դառնաս մեծահարուստ մարդ, բայց դա հորինողն էլ ինչ-որ մի բան պետք է անի, որ իրեն այդ հնարավորությունը տան:
Ա. Բ. - Բայց կան մարդիկ, որ իրենք հասկանում են, թե իրենց ինչ է պետք: Եթե բոլոր մարդկանց մոտից հավաքեն փողերը եւ բաժանեն բոլորին հավասար, հինգ տարի անց այդ փողերը կհայտնվեն նորից նույն մարդկանց ձեռքում. նրանք գիտեն` ինչ է պետք, իսկ մյուսները` ոչ: Վատն այն է, երբ մարդը սկսում է փողին ծառայել: Ինչքա՞ն տգետ պիտի լինի մարդ, որ փողն իրեն թագավոր նշանակի, մյուսը` օղին, հաջորդը` թմրանյութը, մյուսն էլ այնքան է ընկնում պաշտոնների հետեւից, որ իշխելն իրեն տենդ է դարձնում: Նորմալ մարդը ամեն ինչում ներդաշնակություն պետք է փնտրի:
- Այդ ամենն արտացոլվում է ձեր երգերում, իսկ այսօր «Արձագանք» խումբը ստեղծագործո՞ւմ է:
Ե. Պ. - Իհարկե, բայց երիտասարդ տարիների նման օրը մի երգ չենք գրում:
Ա. Բ. - Չէի ասի, թե որպես ստեղծագործող մարդիկ ինչ-որ մի տեղ դադար ենք տալիս: Ստեղծագործող մարդն անընդհատ ստեղծագործում է, ուղղակի կուտակվում է, իսկ թե երբ կձեւավորվի` արդեն ուրիշ խնդիր է: Կարող ենք նոր երգերի շարան ստեղծել ու ասել` ժողովուրդ, եկեք ձեզ զարմացնենք: Կարող ենք մի ամսում 100 նոր երգ գրել ու զարմացնել: Կան երգեր, որոնք կիսատ են, կամ երաժշտական ձեւը կա, հենց գալիս է պահը, կարող ենք անմիջապես դա տեղը գցել: Կարող է վերելակով իջնենք, բարձրության մասին մտքովս մի բան անցնի, իջնենք, ներքեւում գրեմ բարձրության մասին: Էականն այն է` դա ժամանակի մե՞ջ էր, թե՞ ոչ: Մեր ասելիքը պիտի արտահայտենք ճիշտ տեղին եւ ժամանակին: Շատ խոսացող քաղաքական գործիչներ կան, անտեղի են խոսում, դրա համար շատ են խոսում: Եթե տեղի-անտեղի ամեն ինչի մասին սկսենք երգել, կդառնանք ՙքեֆ- ուրախություն», այն, ինչ որ կատարվում է:
Ե. Պ. - Նախորդ համերգի կարգախոսը Պյութագորասի այս խոսքն էր. «Լռի´ր եւ խոսի´ր այն ժամանակ, երբ խոսքդ լռելուց խելացի կլինի»: Այդ պատգամին մենք հետեւում ենք: Այնպես չէ, որ տեսահոլովակ նկարահանենք, սրան ու նրան ասենք` ցույց տվեք: Վատ չէր լինի, որ հնարավորություն լիներ ավելի համարձակ համերգներ կազմակերպել. մեր ֆանտազիան մեզ երբեք հանգիստ չի թողնում: Վերջերս Սունդուկյանի անվան թատրոնի տնօրենը մի բան ասաց. ՙՇատ միջոցառումների եմ ականատես լինում, կան միջոցառումներ, որոնց տոմսերը շատ արագ սպառվում են, եւ մի քանի անգամ կրկնվում է, բայց հենց որ ներկայացումը վերջանում է, վարագույրը փակվում, նորից բացվում է, որ դուրս գան խոնարհվելու, մարդ չի մնում»: Իսկ մեր համերգին քանի րոպե ժողովուրդը ոտքի վրա ծափահարում էր, նույն էմոցիաները մեզ մոտ էին. չէինք ուզում գնալ: Մեր ամբողջ կյանքում մի անգամ ենք հովանավորի հանդիպել, դա էլ մեր նախորդ համերգին էր: Մտադիր ենք երկու ամիսը մեկ հանդես գալ մենահամերգով:
Ա. Բ. - Մենք ունենք այդ ներուժը, բարդն այն է, որ այս երաժշտությունը կոմերցիոն չէ: Կա արվեստ, որը ականջներով են ընկալում, կա մի ուրիշ արվեստ, որը պիտի անպայման սրտով ընկալես...
- Ինչպես ասում են` հարյուր տարվա ընկերներ եք, երբեք չե՞ք վիճել:
Ե. Պ. - Վեճեր լինում են ստեղծագործական, եւ արդյունքում միշտ հաղթում է այն, ինչը օրիգինալ ու խելացի է: Կենցաղային առումով չի եղել, որովհետեւ քաջ գիտակցում ենք, որ այս ամենը թանկ բան է մեզ համար: Կորցնելը ակնթարթի հարց է: Այնքան ենք մեկս մյուսով դաստիարակվել, որ միեւնույն արժեքային համակարգի ջատագով ենք դարձել: Մեզ միշտ կարմիր թելով կապել են մեր ստեղծագործությունները: Եվ ինչպես զավակիդ, այնպես էլ երգերը պետի մինչեւ կյանքիդ վերջը փայփայես, խնամես եւ ուղեկցես:
Ա. Բ. - Համաձայնության գաղափարը միշտ էլ իշխել է: Ամեն փուլ էլ անցել ենք` ե´ւ փառք, ե´ւ անհաջողություն: Երբ մարդիկ սկսում են վիճել, դա ամբիցիաների կռիվ է, այսինքն` ամեն մեկն ուզում է ցույց տալ, որ ինքն ավելին է, բախվում են, եւ ոչ մի բան էլ չի հաստատվում` բացի նրանից, որ երկուսն էլ սխալ են:
Ե. Պ. - Ամբիցիան ամենավտանգավոր բանն է: Երկուսս էլ հայտնի մարդիկ ենք, հիմա եթե ես դնեմ ինձ խելացի եւ կարեւոր մարդու տեղ, բնականաբար, դա վնասակար կլինի: Ինձ ավելի է դուր գալիս, երբ իմ ընկերոջը մեծարում են:
Ա. Բ. - Պատվախնդրությունը կրթական համակարգն է մարդկանց մեջ մտցրել, եւ դա անպետք բան է: Համերգի ժամանակ էլ ասացի, մայրերը հաճախ իրենց որդիներին ասում են` սրա´ն նմանվիր, նրա´ն նմանվիր, դրա վերջն այն է, որ բոլորը դառնում են կեղտոտ, դաժան, սուտասան: Նմանվել պետք չէ. Աստված բոլորին ստեղծել է եզակի: Եզակիության սկզբունքը բնության մեջ է դրված, ինչո՞ւ ենք հակառակ գնում: Նախ պետք է յուրաքանչյուրն իր միջից վերացնի կեղծավորությունը, շողոքորթելու, ստելու տաղանդը, այդ դեպքում ամեն ինչ իր տեղը կընկնի: Մենք ոչ թե պետք է բնությունն ուղղենք, այլ պետք է ներդաշնակ դառնանք: Թե չէ` սկսում եմ բողոքել` այս ինչ կյանք է, հարեւանս անպետք է, փողոցը` կեղտոտ, քաղաքը` այլանդակ, իշխանավորները` ընդհանրապես անպետք, բոլորը` սրիկա, մենակ ե՞ս եմ լավը: Բա ես ո՞նց եմ հայտնվել այստեղ: Ինչպես ասում են` ավելի լավ է ինքդ քեզ նայես, հետո տեսնես, թե շուրջդ ինչու են հավաքվել: Որովհետեւ արժանի ես դրան:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ